Տեսությունից մինչև կովկասյան իրականություն
Ժամանակակից աշխարհաքաղաքական գործընթացները հասկանալու համար առանցքային նշանակություն ունի ռուս փիլիսոփա և քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի «Նեոեվրասիականության» (Neo-Eurasianism) տեսությունը:
Այս հայեցակարգի հիմքում ընկած է աշխարհի բաժանումը երկու անհաշտ քաղաքակրթական բևեռների՝ «Ցամաքի ուժի» (Թելուրոկրատիա) և «Ծովի ուժի» (Թալասոկրատիա) միջև գլոբալ հակամարտությունը: «Ծովի ուժը» ներկայացնում է Արևմուտքը (ԱՄՆ և ՆԱՏՕ)` լիբերալիզմի ու գլոբալիզացիայի իր մոդելով, մինչդեռ «Ցամաքի ուժը» միավորված է Ռուսաստանի շուրջ և հենվում է ավանդական արժեքների ու ուժեղ պետականության վրա:
Դուգինը կտրականապես մերժում է ԱՄՆ-ի միաբևեռ հեգեմոնիան և առաջարկում է կերտել բազմաբևեռ աշխարհակարգ, որտեղ Եվրասիական մեծ կայսրությունը կլինի ինքնիշխան բևեռներից մեկը: Ըստ նրա «Չորրորդ քաղաքական տեսության»՝ նոր դարաշրջանի գլխավոր սուբյեկտը ոչ թե անհատն է կամ դասակարգը, այլ ժողովուրդների մշակութային-քաղաքակրթական ինքնությունը:
Դասական աշխարհաքաղաքականության ազդեցությունը
Մաքինդեր և Շմիտ․ Դուգինն իր տեսությունը չի ստեղծել դատարկ տեղում. նրա գաղափարական հենասյուներն են բրիտանացի աշխարհագրագետ Հելֆորդ Մաքինդերը և գերմանացի փիլիսոփա Կառլ Շմիտը:
Մաքինդերից Դուգինը վերցրել է «Հարթլենդի» գաղափարը՝ Եվրասիայի կենտրոնական տարածքը, որը հանդիսանում է աշխարհի աշխարհաղաքական առանցքը:
Մաքինդերի դասական բանաձևը, թե «Ով վերահսկում է Հարթլենդը, հրամայում է աշխարհին», Դուգինը շրջել է հօգուտ Ռուսաստանի՝ պնդելով, որ Մոսկվայի պատմական առաքելությունն է միավորել Եվրասիան և թույլ չտալ ծովային ուժերի մուտքը այս տիրույթ:
Կառլ Շմիտից Դուգինը փոխառել է «Մեծ տարածության» (Großraum) և «Նոմոսի» հայեցակարգերը: Շմիտի համաձայն՝ աշխարհը պետք է բաժանվի մի քանի խոշոր աշխարհաքաղաքական տարածքների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առաջատար պետությունը (կայսրությունը) և իրավունք ունի թույլ չտալու արտաքին ուժերի միջամտությունը:
«Նոմոսը» երկրագնդի տարածության առաջնային բաժանումն է, որի կործանումը (ըստ Շմիտի և Դուգինի) տեղի ունեցավ ԱՄՆ-ի մուտքով, ինչը պատերազմներին տվեց «բարոյականացված» բնույթ՝ հանգեցնելով հակառակորդին գաղափարապես բնաջնջելու տոտալ դարաշրջանին:
Ազդեցությունը ՌԴ ներկայիս արտաքին քաղաքականության վրա
Թեև Դուգինն անձամբ պետական որոշումներ կայացնող չէ, նրա առաջ քաշած արժեքային մատրիցան դարձել է Կրեմլի պաշտոնական հռետորաբանության հիմքը:
Սա հստակ դրսևորվում է մի քանի ուղղություններով՝ բազմաբևեռության գործնական քայլեր.
1․Մոսկվան ակտիվորեն զարգացնում է BRICS-ն ու ՇՀԿ-ն՝ որպես Արևմուտքին հակակշռող բևեռներ:
2․Ուկրաինական հակամարտության գաղափարականացում.
Պատերազմը ներկայացվում է ոչ թե տարածքային վեճ, այլ «քաղաքակրթական գոյամարտ» ընդդեմ Ատլանտիզմի, քանի որ, ըստ Դուգինի, առանց Ուկրաինայի վրա վերահսկողության Ռուսաստանը չի կարող լինել լիարժեք կայսրություն:
3․«Պետություն-քաղաքակրթություն».
Ռուսաստանն իրեն սահմանում է որպես առանձին քաղաքակրթություն՝ մերժելով արևմտյան լիբերալիզմը և որդեգրելով ուղղափառ, մետաֆիզիկական հռետորաբանություն:
Հարավային Կովկասի և Հայաստանի դերը. «3+3» ձևաչափը Դուգինի տեսության մեջ
Հարավային Կովկասը դիտարկվում է որպես բախման գոտի, որտեղ տարածաշրջանի երկրների լիակատար ինքնիշխանությունը մերժվում է հօգուտ կայսերական շահերի: Այս համատեքստում «3+3» ձևաչափը (Ռուսաստան, Թուրքիա, Իրան + Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) համարվում է իդեալական մոդել՝ միտված տարածաշրջանից Արևմուտքի լիակատար վտարմանը: Սա Շմիտի «Մեծ տարածության» օրինակն է, որտեղ առաջին երեք տերությունները սահմանում են խաղի կանոնները, իսկ երկրորդ եռյակը հանդիսանում է նրանց ազդեցության գոտին:Այս նոր դասավորվածության մեջ, ըստ Դուգինի, Ադրբեջանն ու Թուրքիան դարձել են ավելի նախընտրելի գործընկերներ Մոսկվայի համար, քան ներկայիս Հայաստանը.
Ադրբեջանը մերժում է արևմտյան լիբերալ արժեքները, վարում է կոշտ ինքնիշխան քաղաքականություն և հանդիսանում է Ռուսաստան-Իրան «Հյուսիս-Հարավ» ռազմավարական տրանսպորտային միջանցքի առանցքային կամուրջը:
Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, վարում է անկախ կուրս, ինչը Դուգինը դիտարկում է որպես Ատլանտիզմը ներսից քանդող հզոր գործոն, մինչդեռ, Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքական շրջադարձը դեպի Արևմուտք Դուգինի կողմից որակվում է որպես «աշխարհաքաղաքական ինքնասպանություն» և «Ծովի ուժերի» ներթափանցում Եվրասիայի թիկունք, ինչը զրկում է Երևանին սուբյեկտայնությունից կայսերական խաղացողների աչքերում:
Չինաստանի երկակի դերը
Այս գլոբալ համակարգում Չինաստանն ունի ամենաորոշիչ դերը:
Համադրելով տեսությունները՝ Չինաստանը միաժամանակ հանդես է գալիս և՛ որպես «Հարթլենդի» (Ցամաքի) դաշնակից, և՛ որպես «Ռիմլենդի» (Ափամերձ գոտու) տեր, որը ձգտում է դառնալ նաև «Ծովի ուժ»:
Ըստ Մաքինդերի և Դուգինի Պեկինի և Մոսկվայի դաշինքը ստեղծում է անառիկ ցամաքային բլոկ, իսկ Չինաստանի տնտեսական հզորությունը հանդիսանում է BRICS-ի միջոցով աշխարհի դեդոլարիզացման և բազմաբևեռության գլխավոր շարժիչը:
Ըստ Սփայքմենի՝ Չինաստանն իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծով տնտեսապես կլանում է «Ռիմլենդը» և ռազմականապես ճեղքում ԱՄՆ-ի զսպման օղակները Խաղաղ օվկիանոսում: Սակայն ապագայի ռիսկն այն է, որ Չինաստանի չափազանց հզորացումը կարող է հանգեցնել Ռուսաստանի հետ ցամաքային մրցակցության Կենտրոնական Ասիայում, իսկ Կովկասում Չինաստանին հետաքրքրում է բացառապես կայունությունը՝ իր առևտրային «Միջին միջանցքի» անվտանգության համար:
Գլոբալ ելքերը. ի՞նչ սպասել ապագայում
Համադրելով Մաքինդերի («Հարթլենդ»), Սփայքմենի («Ռիմլենդ») և Դուգինի («Բազմաբևեռություն») տեսությունները, ներկայիս համաշխարհային պրոցեսներից կարելի է ակնկալել երեք հիմնական ելք.
1․ «Ռիմլենդի» տոտալ պատառոտում.
Աշխարհի ողջ ծովափնյա աղեղով (Ուկրաինա, Կովկաս, Մերձավոր Արևելք, Թայվան) բախման գծերը վերածվելու են երկարատև հիբրիդային պատերազմների «ճեղքվածքների», որտեղ «Ծովի» և «Ցամաքի» ուժերը փորձելու են վերաձևել սահմանները:
2․ Աշխարհի վերջնական բաժանումը «Մեծ տարածությունների».
Միջազգային իրավունքի նախկին համակարգը կփլուզվի, և աշխարհը կբաժանվի 4-5 ինքնաբավ կայսերական բևեռների (Ատլանտյան, Եվրասիական, Ասիական, Իսլամական), որոնցից յուրաքանչյուրն իր գոտում կունենա բացարձակ ազդեցություն:
3․ Գլոբալիզացիայի մահը և նոր «Երկաթե վարագույրներ». Մեկ միասնական համաշխարհային տնտեսությունը կփոխարինվի առանձին տեխնոլոգիական, տնտեսական և արժութային գոտիներով: Ցամաքային նոր ուղիները («Հյուսիս-Հարավ», «Մեկ գոտի, մեկ ճանապարհ») կնվազեցնեն Արևմուտքի ծովային առավելությունը:
Հայաստանի համար այս ամենի գործնական հետևանքն այն է, որ գտնվելով «Ռիմլենդի» ամենաթեժ կետում, բացարձակ չեզոքություն պահպանելն անհնար է լինելու: Տարածաշրջանի երկրները կա՛մ ամբողջությամբ կլանվելու են եվրասիական «Մեծ տարածության» կողմից, կա՛մ վերածվելու են տևական պատերազմի թատերաբեմի, եթե Արևմուտքը փորձի այստեղ կիրառել Սփայքմենի «զսպման» ռազմավարությունը:
Այսպիսի մռայլ մտորումներ:
Սերգեյ Ղարագյոզյան